Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել

Ilur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը:
«Եվս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ՝ ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։

Ուզում եմ ընդգծել նաև, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն և միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված և մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր և շատ ավելի ցավալի վտանգներով։

Դրանով հանդերձ, արդեն քանիերորդ անգամ հարկադրված եմ կրկնել, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության և ընդդիմության միջև փոխզիջման անհապաղ կայացումն է։

Դրա հնարավորությունը դեռևս սպառված չեմ համարում, քանի որ հակառակ իր կոշտ հռետորաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։ Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլևս երբեք նորմալ և արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա։

Այնպես որ, ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը ո՛չ միայն և ո՛չ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: