Գորիսում առաջին զորակոչը կատարվեց մատաղի արարողությամբ․Նորակոչիկները մեկնեցին՝ տանելով օրհնանքներ

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեհսբուքյան իր էջում գրել է․

Գորիսում զորակոչի մեկնարկն այս տարի հանդիսավորությամբ ազդարարվեց խորհրդանշական վայրում՝ Վերիշեն բնակավայրի 4-րդ դարում կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Վերիշենում մեծ տոնախմբություն էր՝ տարվա առաջին զորակոչը նշվեց մեծ շուքով և մատաղի արարողությամբ: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Տեր Ահարոն քահանա Մելքումյանի, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վահե Աղալարյանի համատեղ մտահղացմամբ միջոցառման նպատակն էր` վերականգնել Ազգային բանակի լավագույն ավանդույթը։ Տոնախմբությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ՀՀ ԱԱԾ Սյունիքի ՄՎ պետ Կարեն Ջավահիրյանը, Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հակ Մարգարյանը, Առաջին բանակային կորպուսից ներկայացուցիչներ,ՌՈ Սյունիքի բաժնի պետ Աշոտ Բաբայանը,Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Այս տարի առաջին զորակոչը կատարվեց մատաղի արարողությամբ: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում 7 գառ, որպես մատաղ, մատուցվեց հանրությանը՝ հանուն բանակ մեկնող նորակոչիկների անվտանգ ծառայության, հայրենիքի հզորացման, հանուն ապագա հաղթանակների։ Մատաղի արարողությունը սկսվեց աղի օրհնությամբ, որը կատարեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը: Մատուցվեց պատարագ, Տեր Ահարոն քահանա Մելքումյանը կատարեց նորակոչիկների օրհնության կարգ:

Միջոցառման ողջ ընթացքում ընդգծվեց Հայոց բանակի դերը, հայ զինվորի անկոտրում կամքն ու հայեցի ոգին: Նժդեհյան ոգով, սեփական կոչմանն ու հայրենիքին նվիրվածության նժդեհյան օրինակով՝ նորակոչիկներին ուղղվեց Գարեգին Նժդեհի խոսքը, որը ժամանակին Սպարապետը հղել էր թշնամու դեմ մարտի մեկնող իր զինվորներին: Նորակոչիկները մեկնեցին բանակ՝ կատարելու հայրենիքի նկատմամբ պարտքը՝ իրենց հետ տանելով բազմաթիվ ջերմ մաղթանքներ ու օրհնանքներ: Խաղաղ և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինվորներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: