Բարձր, փքուն, համեղ բիսկվիթի լավագույն բաղադրատոմսը

Կիսվում ենք համեղ բիսկվիթի բաղադրատոմսով, որը հարմար է նաև տորթեր պատրաստելու համար։ Ստացվում է փքուն, փափուկ, անուշաբույր։ Սակայն կարևոր է իմանալ պատրաստման մի քանի գաղտնիքների մասին, որպեսզի արդյունքը գոհացնի։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 5 հատ
  • շաքարավազ՝ 150 գ
  • ալյուր՝ 130 գ
  • կրախմալ՝ 20 գ
  • փխրեցուցիչ՝ 0.5 թ․գ․

Պատրաստման եղանակ․

Փքուն բիսկվիթ պատրաստելիս ձուն պիտի լինի սառը վիճակում։ Ալյուրը միացրեք կրախմալի և փխրեցուցիչի հետ, մաղեք 1-2 անգամ։

Սկսեք հարել ձուն։ Ընթացքում քիչ-քիչ ավելացրեք նաև շաքարավազը։

Հարեք ձուն շաքարավազի հետ միասին 5-7 րոպե։ Այդ ընթացքում զանգվածը կավելանա մի քանի անգամ և կդառնա օդային, բաց գույնի ու փքուն։

Աստիճանաբար ավելացրեք մաղած ալյուրը և զգույշ խառնեք ձեռքով, այլ ոչ թե հարիչով։

Պատրաստի խմորը պիտի մնա փքուն, սակայն միևնույն ժամանակ ալյուրը պիտի հավասարաչափ բաշխված լինի։ Բացվող կողքերով տապակը ծածկեք յուղաթղթով և մեջը լցրեք խմորը։ Ուղարկեք մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը և թխեք 35-40 րոպե։ Այդ ընթացքում ջեռոցը բացել չի կարելի։

Պատրաստի բիսկվիթը թողեք կիսաբաց ջեռոցի մեջ։ Եվ միայն մոտ կես ժամ անց հանեք տապակից։ Եթե տորթ եք պատրաստելու, ուրեմն թողեք բիսկվիթը ցանցի վրա, երբ այն լիարժեք սառի, փաթաթեք տոպրակով ու մի քանի ժամով ուղարկեք սառնարանը։ Այդպես դրա հետ աշխատելը կհեշտանա։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: