Աչքներս լույս, այս առավոտ Գորիսում «ֆավորիտ» է նշանակվել. փրկված ենք…

syuniacyerkir.am-ը գրում է․

Իշխանությանը սպասարկող մայրաքաղաքային մի քանի լրատվամիջոց եւ մի քանի լուսանցքային գործիչ, տեսնելով, որ Գորիսում նախընտրական բուռն մրցակցություն է մեկնարկել քաղաքական երեք ուժի միջեւ, տեսնելով, որ Գորիս համայնքի խնդիրների շուրջ իշխող ուժի թեկնածուն պատկերացումներ եւ ասելիք չունի, տեսնելով, որ իշխող ուժի թեկնածուն պատասխան չունի հարցին, թե ինչու՞ է Գորիսը հայտնվել այս վիճակում, մի հնարք են մոգոնել եւ դրել շրջանառության մեջ՝ Գորիս համայնքի ավագանու հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունում ֆավորիտ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող երիտասարդն է:

Հարկ ենք համարում հիասթափեցնել այդ հնարքի հեղինակներին՝ ստում եք, պարոնայք:

Ձեր հորինածը Գորիսի իրականության հետ ոչ մի աղերս չունի…

Տղան կարող է ֆավորիտ լինել ձեր՝ մի քանի հոգու տներում, նախընտրական շտաբ կոչված սենյակներում եւ ոչ անգամ կուսակցության մունիցիպալ դասակում:

Նա չի կարող ֆավորիտ լինել Գորիսում, եթե նույնիսկ ամբողջ մոլորակը կամենա:

Ասվածը հիմնավորելու համար փորձենք, օրինակ, բացել ֆավորիտ բառի իմաստը եւ պարզել՝ արդյո՞ք տեղին է բառի գործածումն այս պարագայում:

Ֆավորիտ-բարձրաստիճան՝ ազդեցիկ դիրք ունեցող մարդու սիրեցյալ:

Բառի երկրորդ իմաստը՝ դարձյալ սիրեցյալ, նա, ում նախապատվություն է տրվում:

Հիմա հարց՝ այդ ո՞ր բարձրաստիճանի սիրեցյալն է Վլադիմիրը:

Մյուս իմաստով՝ դարձյալ՝ այդ ո՞ւմ սիրեցյալն է Վլադիմիրը, եւ այդ ո՞վ է սոցհարցում կամ հարցախույզ անցկացրել Գորիսում, որի արդյունքով պարզվել է՝ նա Գորիսի սիրեցյալն է:

Եվ քանի դեռ չկա այդ հարցերի պատասխանը, «ֆավորիտյան» քարոզի հեղինակները Գորիսում լիաթոք ծիծաղի են արժանանում:

Իսկ եթե փորձենք առերեսվել իրականության հետ, ապա (մեղմ ասած) չի կարող երեկվա մաքսավորը Գորիսում սիրեցյալ լինել. բացեք Սուրբ գիրքը եւ ընթերցեք դրան առնչվող էջերը, ինչը վերջին 1700 տարում ոչ ոք չի հերքել:

Եվ, այդուհանդերձ, եթե շատ եք ուզում, որ ինքը ֆավորիտ պիտակը կրի այս օրերին, ապա մուտք գործեք Սյունիքի մարզպետի տեղակալի տիկնոջ ֆեյսբուքյան էջը եւ պատասխանեք «ֆավորիտին» ուղղված անմեղ եւ կուսական հարցերին:

Մինչդեռ… Գորիսն այնքան բազմաբեւեռ է… Գորիսեցիների մի զգալի մասի նախընտրելի թեկնածուն (անվիճելիորեն) Առուշ Առուշանյանն է:

Գորիսեցիների մեկ այլ մասի նախընտրելի թեկնածուն (ուզենք-չուզենք) Կարեն Լազարյանն է:

Այդ ամենից հետո՝ եթե շատ-շատ եք ուզում, որ Վլադիմիրը ֆավորիտ լինի, ապա թող հրապարակային բանավեճի դուրս գա Կարեն Լազարյանի եւ Առուշ Առուշանյանի թիմի ներկայացուցիչ Իրինա Յոլյանի հետ, այն էլ՝ բացառապես գորիսյան հիմնախնդիրների շուրջ: Եվ իրենք՝ ընտրողները, կորոշեն, թե ում են նախապատվություն տալիս մինչեւ վարչական ռեսուրսի զորավարժությունները սկսելը:

Հակառակ պարագայում՝  Երեւանից ֆավորիտ հորջորջումը նրան կպցնելու ջանքերն այս կողմերում ընկալվում են իբրեւ պարզունակ շուլուխ…

Понравилась статья? Поделиться с друзьями: