ԱՆ-ն հայտնում է. ի՞նչ անել, որ չհիվանդանաք սուր շնչառական վարակներով, գրիպով

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնում է․

«Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակն այսօր։

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։

Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում շնչառական վարակներով պացիետների 50%-ը, իսկ ստացիոնար կազմակերպություններում 81.3%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները, մասնավորապես՝ մանկահասակ երեխաները:

Հայաստանի Հանրապետությունում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում շարունակաբար իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:

Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2021-2022 թթ.սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Սակայն ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի (ռիսկի խմբերի պատվաստումներից հրաժարված անձանց հաշվին)։

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.

– Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
– խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
– եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
– եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
– մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
– հագնվե´ք եղանակին համահունչ,
– պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
– օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
– հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
– հետևե´ք անձնական հիգիենային։

Հիշեցում. ​Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով»:

Понравилась статья? Поделиться с друзьями: