Ամուսինս Նոր տարին նշեց նախկին կնոջ ու երեխաների հետ․․․ Իսկ ես տեղս չեմ գտնում․․․

Կարծում եմ, միակ մարդը չեմ, ով հայտնվել է նման իրավիճակում։ Շատերի ամուսիններն են պատասխանատու առաջին ընտանիքի բարեկեցության համար։

Իմ ամուսնու նախկին կինը պարբերաբար օգնություն է խնդրում նրանից՝ ինչպես ֆինանսական, այդպես էլ բարոյական։ Նա բողոքում է, որ երեխաները շատ են կարոտում հորը, ավելի ճիշտ՝ նրա գումարային աջակցությանը։ Իսկ ալիմենտների պարտաճանաչ վճարումը իրավիճակը չի փոխում։

Երբեք չեմ ցանկացել ամուսնունալ ընտանեկան պատմություն ունեցող տղամարդու հետ, բայց դե սրտին չես հրամայի։

Թեպետ մենք ընդամենը 6 ամիս առաջ ենք ամուսնացել, բայց արդեն հասցրել եմ զգալ այդ ամենի բացասական կողմերը։ Քանի որ սա մեր առաջին Նոր տարին էր, որ պիտի միասին անցկացնեինք, ես առանձնահատուկ ոգևորությամբ էի դրան պատրաստվում։

Մի ամիս առաջ սկսել էի զարդարել տունը, առևտուր անել, նվերներ գնել, անգամ ամուսնուս երեխաների համար էի անակնկալներ պատրաստել։ Ես ադեկվատ մարդ եմ, հասկանում եմ, որ հոր և երեխաների կապն անխզելի է, բայց նախկին կնոջ հետ մի տան մեջ Ամանոր դիմավորելը առնվազն տարօրինակ է։

Մի խոսքով, մի քանի օր եփեցի-թափեցի, մեր տունը վերածեցի գեղեցիկ ու համեղ անկյունի, երբ դեկտեմբերի 31-ին եկավ ամուսինս ու ասաց, որ երեխաները լացում են ու իր հետ են ուզում լինել կեսգիշերին։ Հա, ի դեպ երեխաներ ասելով՝ ի նկատի ունի 10 տարեկան որդուն ու 14 տարեկան դստերը։ Կարծում եմ, նրանք բավականին մեծ են, որ հասկանան ՉԻ ՍՏԱՑՎԻ բառը։ Անկասկած, մայրն է նրանց ստիպել արտասվելով զանգել հորը, երևի նա դեռ հույս ունի, որ կմիանան։

Ես ոչինչ չասացի ամուսնուս։ Երբ նա դուրս եկավ տնից, ես էլ ամեն ինչ թողեցի կիսատ, հավաքվեցի ու եկա ընկերուհուս տուն։

Այդ օրվանից ամուսնուս հետ կապի դուրս չեմ եկել, բայց չեմ էլ որոշել, թե ինչ պիտի անեմ․․․

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: